Կառավարությունը կսահմանի լիազոր նորմ նախատեսվող ներդրումային ծրագրերին հավանություն տալու նպատակով. նախագիծ

 Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է օրենքում ամրագրել Կառավարության կողմից ոլորտային, ներդրումային ծրագրերին հավանություն արժանացնելու լիազորությունը իրավական որոշակիության սկզբունքի պահանջներն ապահովելու նպատակով:

Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված է ներդրումային ծրագրերին հավանություն տալու Կառավարության լիազորող նորմի անհստակությամբ: 

Նա նշեց, որ ներկայում առկա են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք Կառավարության կողմից դեռևս չեն կարողանում հավանության արժանանալ լիազորող նորմի հետ կապված խնդիրների պատճառով:

«Նախատեսվող բոլոր ներդրումային ծրագրերին Կառավարությունը կարող է հավանություն տալ միմիայն համապատասխան լիազորող նորմը հստակեցնելուց հետո: Նաև դա է պատճառը, որ նախագիծը հրատապ կարգով ներառվել է այս նիստի օրակարգում: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ ներդրումային ծրագրերը հավանության արժանացնելու նպատակով»,- ասաց Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարն առաջարկվում է օրենքում ամրագրել նաև «Ներդրումային ծրագրեր» հասկացությունը՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի իմաստով:

ajax-loader