Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք:
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը։
«Չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով և կարող է ապահովել ավելի քան 300 նստատեղ: CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է: Հայ ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ»,- նշված է դեսպանի «Ֆեյսբուք»-ի էջում։