Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի նոր ձևաչափով

Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կամավոր ատեստավորման հայտագրումն արդեն ընթացքում է և կտևի մինչև սեպտեմբերի 1-ը: 

«Այսօրվա դրությամբ մենք ունենք հայտագրված 3071 դասավանդող ուսուցիչ․ 205 չաշխատող անձ է հայտագրվել: Ինչպես գիտենք, չաշխատող անձինք ևս կարող են հայտագրվել և միանգամից ատեստավորում անցնելուց հետո բարձր աշխատավարձով մտնել դպրոց»,-ասաց Սվաջյանը: 

Նրա խոսքով՝ այս տարի ևս կամավոր ատեստավորումն իրականացվելու է բոլոր առարկաներից, բայց նոր՝ էլեկտրոնային ձևաչափով:

Փոխնախարարը մանրամասնեց, որ կամավոր ատեստավորման համար բուհերում նախատեսվող քննական կենտրոնները հագեցած կլինեն համակարգիչներով՝ ներբեռնված համապատասխան թեստերով:

Մասնակցող ուսուցիչները թեստերը կլրացնեն համակարգչով:  

Նա հույս հայտնեց, որ նոր ձևաչափն  ուսուցիչներին հնարավորություն կտա խնայել իրենց ժամանակը, որովհետև նախկինում ատեստավորման ժամանակ նրանք բավականին մեծ ժամանակ էին կորցնում լրացման ձևաթղթի մեջ պատասխաններն անցկացնելիս: Բացի այդ՝  ձևաթղթում սխալ լրացնելու դեպքում տեխնիկական խնդիրներ էին ունենում, ինչը լարվածություն էր առաջացնում: Նոր ձևաչափով կամավոր ատեստավորման մասնակիցներն անմիջապես համակարգչով կընթերցեն առաջադրանքներն ու կնշեն պատասխանները: 

ajax-loader