ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։

Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ Նա հայտնել է, որ հունիսի 27-ին Բյուսելում ԵՄ ղեկավարները, ԵՄ երկրների նախագահներն ու վարչապետները, ի թիվս մի շարք կարևոր որոշումների, նաև համաձայնել են դադարեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ 

Պավել Հերչինսկիի խոսքով՝ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն . «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հստակորեն հետ է մղում ինը քայլ, հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ։

«Այնպես որ, ցավոք, առայժմ կասեցված է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Սա իսկապես տխուր և հիասթափեցնող է, քանի որ միևնույն ժամանակ մենք արագ առաջընթաց ենք գրանցում այլ թեկնածու երկրների հետ։ Ինչպես գիտեք, այս որոշման հաջորդ օրը Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ Վրաստանում ընտրություններից հետո, հոկտեմբերից հետո, նորաստեղծ կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, նորից լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», – հայտնել է Պավել Հերչինսկին։

Ըստ ԵՄ դեսպանի՝ միայն Վրաստանից և վրացիներից է կախված, թե որքան արագ երկիրը կդառնա ԵՄ անդամ։

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել 2023 թ. դեկտեմբերին։ Սակայն, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, Վրաստանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ 

Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

ajax-loader