Աշխարհի տարբեր հատվածներում հնարավոր կլինի դիտարկել հետաքրքիր աստղագիտական երևույթ․ 2025 թվականի մարտին Լուսինը չորս անգամ կծածկի աստղային կուտակումներն ու մոլորակները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի պլանետարիումին։
Ի՞նչ և ե՞րբ է սպասվում
Աստղագետների հաշվարկներով՝
- Մարտի 1-ին Լուսինը ծածկել է Մերկուրին (տեսանելի է եղել Խաղաղ օվկիանոսի ջրերից)։
- Մարտի 5-ին Լուսինը կփակի Պլեադները, որոնք ամենահայտնի աստղային կուտակումներից մեկն են (Սա միակ երևույթն է, որը կտեսնեն նաև Ռուսաստանում)։
- Մարտի 16-ին Լուսինը կծածկի պայծառ Սպիկա աստղը (դիտելու հնարավորություն կլինի Աֆրիկայում և Ավստրալիայում)։
- Մարտի 20-ին Երկրի արբանյակը կծածկի Անտարեսը, որը գիշերային երկնքի ամենավառ աստղերից մեկն է (տեսանելի կլինի Ավստրալիայից և Նոր Զելանդիայից)։
Հազվագյուտ մոլորակային շքերթ
2025 թվականի փետրվարի 28-ին տեղի է ունեցել բացառիկ երկնային երևույթ՝ մեծ մոլորակային շքերթը։ Այդ օրը Արեգակնային համակարգի բոլոր յոթ մոլորակները միաժամանակ հայտնվել են գիշերային երկնքում։
Չնայած գրքերում և ֆիլմերում մոլորակները հաճախ պատկերում են կատարյալ ուղիղ գծով, իրականում նրանք դասավորվում են երևակայական հարթության՝ էկլիպտիկայի երկայնքով։ Այս երևույթը տեղի է ունենում, երբ մոլորակները հայտնվում են Արեգակի նույն կողմում, ինչը ստեղծում է «շքերթի» էֆեկտը։