ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ցանկանում է 4.5 միլիոն բարել նավթ գնել՝ երկրի ռազմավարական պաշարը համալրելու համար։ Այս մասին ասված է գերատեսչության գրավոր հաղորդագրության մեջ:
Ինչպես նշված է փաստաթղթում, խոսքը 4.5 միլիոն բարել նավթն այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր մատակարարումների ապահովմամբ գնելն է՝ 1 բարելի դիմաց 79 դոլարը չգերազանցող գնով։ Էներգակիրը նախատեսվում է գնել Լուիզիանայում նավթի պահեստավորման համար։
Ապրիլի սկզբին Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ չի մնա նավթ գնելու պլաններին՝ գնաճի պատճառով։ Ինչպես ընդգծել է գործակալությունը, իշխանությունները մտադիր են նավթ գնել մինչև 79 դոլարով: Միևնույն ժամանակ, Bloomberg-ը հիշեցրել է, որ այս տարի 2.8 միլիոն բարել նավթի գնումներից մեկի ժամանակ կառավարությունը մեկ բարելի դիմաց միջինը վճարել է մոտ 81 դոլար։
Բայդենը 2022 թվականի մարտի վերջին հրամանագիր է ստորագրել, որով էներգետիկայի նախարարությանը պարտավորեցնում է 180 օրով վաճառել ռազմավարական պաշարից օրական 1 միլիոն բարել նավթ՝ երկրում բենզինի գները նվազեցնելու համար։ Նախարարությունն այդ հումքի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է էներգառեսուրսներ ձեռք բերելու և նավթի պաշարները համալրելու համար։