«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 335 կմ երկարությամբ ստորգետնյա գազատարների հետազոտություն կիրականացնի

Բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է ստորգետնյա գազատարների, գազաբաշխիչ կայանների, համակարգի այլ ինժեներական կառույցների տեխնիկական վիճակի համալիր աշխտորոշումը։

Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցերի, իրականացվում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման (ԱՀ) ծառայության, այնպես էլ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից։

ԱՀ ծառայության գործառույթները ներառում են նաև ստորգետնյա գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) համակարգի նախագծման համար դաշտային հետազոտական (ինժեներա-երկրաֆիզիկական), գազատարների և ԳԲԿ-ների վերանորոգման կամ նորերի կառուցման համար անհրաժեշտ ինժեներա-գեոդեզիական աշխատանքներ, ԳԳ մասնաճյուղերի հետազոտման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների ուսուցում:

ԱՀ ծառայության պետ Գևորգ Գևորգյանի տվյալներով, ընթացիկ տարվա համար հաստատված առաջադրանքի շրջանակներում նախատեսված է իրականացնել ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ մայրուղային գազատարների և գազաբաշխիչ ցանցի ստորգետնյա գազատարների, թվով 15 ԳԲԿ-ների տեխնիկական սարքվածքների և տեխնոլոգիական սարքավորումների համալիր հետազոտում և ախտորոշում։

2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ ԱՀ ծառայության մասնագետների կողմից արդեն հետազոտվել են շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ գազատարներ, 5 ԳԲԿ-ներ։

Այս տարի նախատեսված են նաև մայրուղային գազատարների թվով 21 օդային անցումների մանրամասն հետազոտման աշխատանքներ։

«Գազատարների և համակարգի այլ օբյեկտների տեխնիկական վիճակի հետազոտումն ու ախտորոշումը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել թերությունները և որոշում կայացնել հետագա նորոգման կամ փոխարինման ուղղությամբ։ ԱՀ ծառայությունը համալրված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով, ընդ որում ամենաժամանակակից, ինչը մեր մասնագետներին թույլ է տալիս անվրեպ և բարձր ճշգրտությամբ արձանագրել խնդիրները, խոտանները և հավաքագրված տվյալներով մշակված տեխնիկական հաշվետվությունները փոխանցել շահագործող կազմակերպություններին, որոնք էլ արդեն իրենց կողմից ձեռնարկում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշում է ԱՀ ծառայության պետը։

ajax-loader