Բանակի տոնին՝ հունվարի 28-ին, Տավուշի մարզի ԵԿՄ կառույցի նախագահ, հրամանատար Յուրա Հարությունյանը մարտական ընկերների հետ այցելեց Վարդենիսի շրջանի Տրետուք և Կուտական գյուղերի դպրոցներ։ Ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում․ զրույցի թեման հայոց բանակն էր, ԶՈՒ մարտունակությունն ու զինվորների ոգին։

Յուրա Հարությունյանը շնորհակալագրեր փոխանցեց սահմանային գյուղերի մանկավարժներին և սաներին՝ նշելով, որ զինծառայողները շատ ավելի ամուր են կանգնում դիրքերում և պաշտպանում սահմանը, երբ գիտեն, որ թիկունքում ապրողները չեն լքում հայրենի օջախները, սատարում են զինվորներին։

Սահմանապահ Տրետուք և Կուտական գյուղերը դրա վառ ապացույցն են, քանի որ կյանքն այստեղ իր հունով ընթանում է, և դա՝ նաև մանկավարժների ու նրանց սաների ընտանիքների շնորհիվ։ Ուստի Յուրա Հարությունյանը՝ ի դեմս ԵԿՄ-ի, այդ կերպ իր երախտագիտությունն է հայտնում տեղի բնակիչներին, որոնք դիրքերում կանգնած մարտիկներին հավասար պահում են սահմանը։
Հանդիպման ընթացքում «Արզնի» թռչնաբուծարանի ղեկավար Գեղամ Ջանվելյանը նվերներ բաժանեց դպրոցականներին։

Յուրա Հարությունյանը կարևորում է նման հանդիպումները՝ համարելով դրանք ազգ-բանակ անքակտելի կապի մաս, և նշում, որ այցերը պարբերական բնույթ են կրում։

Տավուշի ԵԿՄ կառույցի անդամները՝ Յուրա Հարությունյանի հրամանատարությամբ, մարտական հերթապահություն են իրականացնում Վարդենիսի տարածքում։
