ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը 3 տարում ավելի քան եռապատկվել է

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան կրկնապատկել է իր աջակցությունը Հայաստանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։

«Մենք աջակցել ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում, ինչպես նաև աշխատել ենք կառավարության հետ՝ իրականացնելու բյուրոկրատական, վարչական, թղթաբանական գործոնների ստուգումներ, որոնք ուղղված են քաղաքացիների համար դրանց պարզեցմանը»,- ասաց Փաուերը։  

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի տնտեսական աճի խթանման ուղղությամբ, օգնում է հայաստանյան տնտեսվարողներին արտահանման նոր շուկաների հետ համագործակցելու հարցում։  

«Մենք աջակցել ենք «Ինժեներական քաղաք»-ի կառուցմանը, որը կնպաստի ուսանողների կարիերայի աճին։ Մենք օգնել ենք կառավարությանը բարելավել արտահանման և ներմուծման ներդրումային հնարավորություններն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և տեխնոլոգիաները։ Այսօրինակ ներդրումները արդյունքներ են բերում մեր երկրներին։ 

2020 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրաշրջանառությունն ավելի քան եռապատկվել է՝ 96 միլիոն դոլարից 2023 թվականի դրությամբ հասնելով 321 միլիոն դոլարի։ 

Մենք գիտենք, որ այդ հետագիծը կարող է էլ ավելի բարձրանալ, և առևտրաշրջանառության աճը երկու երկրների միջև կարող է արագանալ։ Մենք իսկապես օգնությունից անցնում ենք առևտրի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք այդ հարցը։ ԱՄՆ-ն իրենից կախված ամեն ինչ անում է առաջընթացի պտուղները քաղելու համար»,- եզրափակեց Փաուերը։ 

ajax-loader