ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։
ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ իրականացրել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։
Այդ ընթացքում մի տղամարդ քարը ձեռքին մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի։
Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում։
Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։
Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։
Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։
Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է: