Իսրայելի ոստիկանությունը մաքսավորների հետ կասեցրել է Հայֆայի նավահանգստի միջոցով մեծ քանակությամբ կոկաինի մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրելու փորձը։ Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրա տվյալներով՝ առգրավվել է ընդհանուր առմամբ 210 կգ թմրամիջոց։
Առգրավված ապրանքների գնահատված արժեքը կազմում է 100 մլն շեքել (ընթացիկ փոխարժեքով՝ 27,5 մլն դոլար)։
Ինչպես գրում է Maariv թերթը, թմրանյութի այս խմբաքանակի առգրավման գործողությունն իրականացվել է մեծ հետաքննության շրջանակներում, որը որոշ ժամանակ առաջ սկսել է Իսրայելի ոստիկանության կենտրոնական վարչությունը։ Հետաքննության ընթացքում հունիսին Իսրայելի կենտրոնական հատվածում արդեն առգրավվել է 16 կգ կոկաին, իսկ ներգրավված անձինք կալանավորվել են։ Հետաքննությունը հնարավորություն է տվել տեղեկություններ ստանալ նույն մաքսանենգ ճանապարհով Հայֆայով նախապատրաստվող թմրանյութերի ավելի մեծ խմբաքանակի մասին, որն այժմ դադարեցվել է։ Մեկ օր առաջ այս մաքսանենգության մեջ ներգրավվածության համար ձերբակալվել էր երեք կասկածյալ, նշում է Maariv-ը։