Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի

Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդում է իր Telegram-ալիքում։ 

«Բժիշկները պայքարում են Մախաչկալայում և Դերբենտում իրականացված ահաբեկչության ժամանակ տուժածների կյանքի համար: Այսօր, ցավոք, զոհերի թիվը հասել է 21-ի, որոնց թվում` իրավապահներ և քաղաքացիական անձինք», – ասվում է հրապարակման մեջ։

Այսօր ավելի վաղ ուժային կառույցներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հաղորդել էր, որ հիվանդանոցում մահացել է Դերբենտի շրջանից ոստիկանության սերժանտ 24-ամյա Նարիման Նասրուլաևը։

Հունիսի 23-ին զինված անձինք Դերբենտում հարձակվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա, որը քաղաքի միակ ուղղափառ եկեղեցին է, Մախաչկալայի Սուրբ Վերափոխման մայր տաճարի, երկու սինագոգների և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Զոհվել են ոստիկանության աշխատակիցներ և մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ հոգևորական Նիկոլայ Կոտելնիկովը։ Տուժել է ավելի քան 40 մարդ։

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել, հարուցվել են քրեական գործեր։

Անվտանգության ուժերը ոչնչացրել են հինգ ահաբեկիչների և պարզել նրանց ինքնությունը։

Ինչպես հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը, հարձակվողները հանրապետության Սերգոկալինսկի շրջանից էին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանցից երկուսը շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի զավակներն են, ևս մեկը` նրա եղբորորդին։ Պաշտոնյային ազատել են աշխատանքից։ Ավելի վաղ բերման էին ենթարկել և հարցաքննել։

ajax-loader