Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում, իր շուրջ է համախմբել 18 երաժշտի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթի մեկնարկը կազդարարվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ այսօր, հունիսի 6-ին։
Մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթի նախընտրական փուլին մասնակցել են մեծաթիվ դիմորդներ, ինչը խոսում է մրցույթի հաջողության մասին։ «Մեր նպատակն է աշխարհին տալ նոր անուններ, նոր դիրիժորներ, ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ։ Աշխարհի 65 երկրից 260 դիմորդ ունենալը խոսում է մրցույթի կարգավիճակի, հեղինակության, մրցույթի հանդեպ մեծ հետաքրքրության մասին»,-շեշտեց նա։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն էլ պատմեց մրցույթի ստեղծման պատմությունը՝ հիշեցնելով, որ 2003 թվականին Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Չինաստանում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում շուքով նշվել է Արամ Խաչատրյանի 100-ամյակը։ «ՌԴ-ում Հայաստանի դեսպանն էի և մասնակցում էի տոնական միջոցառումներին։ Այդ ընթացքում Հայաստանում որոշում կայացվեց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ կազմակերպել։ Այդ ուղղությամբ ես ևս աշխատում էի, աջակցում էի։ Պարզվեց, որ Ռուսաստանն էլ է որոշել Խաչատրյանի անվան մրցույթ նախաձեռնել։ ՌԴ-ում շատ բարձր էին գնահատում Խաչատրյանին։ Տեղեկացրի, որ Հայաստանում ենք կազմակերպելու։ Ինձ ասացին՝ կարող է և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում լինել, քանի որ Խաչատրյանը ծնվել է Վրաստանում, բայց Մոսկվայում պետք է կայանա ամենամեծ մրցանակաբաշխությունը»,-հիշեց Սմբատյանը։
Նա հստակ չի կարող բացատրել, թե ինչու է դեմ եղել նման գաղափարի իրականացմանն ու պայքարել, որ մրցույթը կայանա միայն Հայաստանում։ «Ասացի, որ այդ պարագայում մասնակիցները կգնան Մոսկվա, ոչ թե Երևան, քանի որ մեծ քաղաքները մարդկանց շատ են գրավում։ Խնդրեցի հրաժարվել մրցույթի մտքից։ Նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնի դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին ասաց, որ Խաչատրյանն անգամ մեկ օր չի ապրել Հայաստանում, նա Ռուսաստանում է ապրել, ուստի պետք է այնտեղ անցկացվի մրցույթը։ Ես նշեցի, որ Ռուսաստանն ունի փայլուն կոմպոզիտորներ՝ Սկրյաբին, Ռախմանինով, Կորսակով, Գլինկա և այլք, որոնց անուններով կարելի է կազմակերպել մրցույթներ, իսկ հայերս ունենք մի քանի անուն, որոնցից ամենամեծն Արամ Խաչատրյանն է, ուստի պետք է նրա անվան մրցույթը Հայաստանում կայանա»,-պատմեց Արմեն Սմբատյանն ու հավելեց՝ շատ ուրախ է, որ համառել է և այսօր մեծ կոմպոզիտորը Երևան է բերում բազմաթիվ տաղանդաշատ երաժիշտների, որոնց ստեղծագործական կյանքում մրցույթը կարող է մեծ դերակատարություն ունենալ, նոր դռներ բացել նրանց առաջ։
Մրցույթի բացման արարողությանը, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հրավիրյալ ջութակահար Նին Ֆենը կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Նա մեծ պատիվ է համարում մրցույթի մի մասը լինելը։ Երաժիշտն առաջին անգամ Երևան է եկել ավելի քան 15 տարի առաջ և ծանոթացել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հոտ, որի հետ հետագայում մտերիմ ընկերներ են դարձել։ «Ինձ խորապես տպավորել էին Հայաստանի մշակույթն ու մարդիկ։ Երկիրն այնքան հարուստ պատմություն և մշակույթ ունի, ազգային գանձեր, և ես հավատում եմ, որ այն, ինչ ազգային է, նաև միջազգային է։ Մարդը, որը Հայաստանի ազգային գանձերը նվիրեց աշխարհին, Արամ Խաչատրյանն էր»,-ասաց Նին Ֆենը։
Խոսելով մրցույթի մասին՝ նա շեշտեց բազմիցս մասնակցել է տարբեր մրցույթների և շատ լավ հասկանում է, թե ինչ են զգում մասնակիցները։ Նին Ֆենը հավաստիացրեց՝ մրցույթում հաղթանակն ամենակարևոր բանը չէ, առավել էական է բավականություն ստանալ մասնակցությունից, նոր բան սովորել, և մի օր հաստատ հնարավորություն կտրվի սեփական ուղերձն ուղղել աշխարհին։
Լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ վիճակահանություն, որի միջոցով որոշվեց մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։
Միջազգային ստուգատեսի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, կներկայացնի Արամ Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները՝ հատվածներ «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Նին Ֆեն)։
Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։ Նրանք բոլորը համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորներ, երաժիշտներ և հմուտ մանկավարժներ են՝ դասական երաժշտության ոլորտում ժամանակակից մտածողության և արվեստի ձևավորման առանցքային դեմքեր։
Մրցույթի մասնակիցների կատարման պարտադիր ծրագրում ընդգրկված են նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։
Մրցույթն իրականացնում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, որի հետ համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և իր արժանի տեղն է ամրագրել հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթների շարքում։