«Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը տրված է

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում:
Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»։

ajax-loader