Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Այդ մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ու խնդիրներին առնչվող հարցեր։
«Պետություն-համայնք համագործակցության լավագույն միջոց հանդիսացող այս ծրագրերով համայնքները հնարավորություն են ստանում առավել քիչ միջոցներ ծախսելով լուրջ խնդիրներ լուծել, մնում է յուրաքանչյուր պատասխանատու կառույց լինի զգոն, հետևողական և հոգատար։ Սուբվենցիոն ծրագրերի նպատակային, անխոչընդոտ, առանց թերացումների և ժամկետների մեջ իրականացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի կառավարությունը ջանք չի խնայում համայնքային խնդիրներին օր առաջ լուծում տալու համար»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետն անդրադարձել է նաև հետաձգված ծրագրերին, նշել, որ դրանք պետք է քննարկվեն, պետք է կարևորվի ծրագրերի նպատակը, բովանդակությունը, որպեսզի պետության և համայնքի միջոցները ծախսվելուց հետո ակնկալվող արդյունքը սպասվածը լինի։