«Սյունիքի գավաթ 2023»․ Կապանում կանցկացվի լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում շուրջ 90 օտարերկրյա և հայաստանցի լրագրողներ հոկտեմբերի 19-ից 22-ը կլինեն Կապան և Քաջարան քաղաքներում, կծանոթանան Սյունիքի պատմությանն ու մշակույթին, կայցելեն տեղի ձեռնարկություններ։  Հայաստան են ժամանում մեդիա ոլորտի ներկայացուցիչներ Գերմանիայից, Ռումինիայից, Եգիպտոսից, Լիտվայից, Մոլդովայից, Վրաստանից։

«Այս ֆորմատը միտված է ոչ միայն ֆուտբոլ խաղալուն, այն նաև մեծ նշանակություն ունի ճանաչողական տեսանկյունից։ Ստեղծվում է մեծ լրագրողական գործընկերների ցանց, այն նպաստում է միմյանց երկրների ճանաչմանը, գործընկերության ընդլայնմանը։ Մրցաշարի ընթացքում գրվում են նյութեր, հրապարակվում են տեսանյութերի, լուսանկարների շարքեր, որոնք նպաստում են տվյալ երկրի գրավչության բարձրացմանը»,- ասաց Դավիթ Ալավերդյանը։

Նախկինում ևս նման միջոցառում կազմակերպվել է, այս անգամ առաջարկ եղավ մարզերից մեկում անցկացնել։ Առաջացավ մրցաշարը Սյունիք տանելու վերաբերյալ գաղափարը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անմիջապես այդ առաջարկն ընդունել է՝ պայմանով, որ մրցաշարն անցկացվի Կապանում, որտեղ կան սպորտային ամուր ավանդույթներ։

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ Սյունիք այցելելն անվտանգ է։ Մյուս կողմից բնական է մեր աջակցության պատճառը, քանի որ կոմբինատն իրականացնում է սպորտին աջակցելու հսկայական ծրագրեր։ Միայն նախորդ տարի 500 մլն դրամից ավելի գումար է ծախսվել։ Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա մենք հատուկ վերաբերմունք ունենք։ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»,- ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի ընտրությունը պատահական չէ, այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով։

Այցելությունների շարքը կամփոփվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարով, որը կանցկացվի հոկտեմբերի 21-ին, ժամը 11․00-ից, Կապանի կենտրոնական մարզադաշտում։ Մասնակցելու է 8 թիմ, 6-ր արտերկրից 2-ը՝ Հայաստանից։ Մեկը Երևանի թիմն է լինելու, մյուսը՝ Կապանի։

Խաղը տևելու է 20 րոպե, 10 րոպե ընդմիջումով։ Բոլոր թիմերը խաղալու են միմյանց դեմ։ Այսինքն՝ յուրաքանչյուր թիմ անցկացնելու է 7-ական խաղ։ Երեկոյան միջոցառումը կամփոփվի մրցանակաբաշխությամբ։

«Մենք ունենք լավ շանսեր հաղթելու, մեր թիմը հարուստ փորձ ունի և վերջին միջազգային մրցաշարում հաղթանակը մերն է եղել։ Կապանը ևս լավ ֆուտբոլային ավանդույթներ ունի, այնպես որ հաղթելու հավանականությունը մեծ է։ Թեպետ, մրցակիցներին թերագնահատել չի կարելի»,-ասաց Դավիթ Ալավերդյանը։

Ֆուտբոլային տոն է ակնկալվում Կապանում, լինելու են խաղարկություններ, նվերներ, մրցանակներ։ Մուտքն ազատ է, տոմսեր չեն վաճառվելու։

Կազմակերպիչները մտադիր են մրցաշարը դարձնել ավանդական։

ajax-loader