Անցած տարի բիզնեսի վարկավորումն ավելացել է 20 տոկոսով։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս հույս դնել 2025թ. տնտեսական աճի նպատակային մակարդակի հասնելու վրա։
Նա ընդգծել է, որ հիփոտեկային եւ սպառողական վարկավորման զգալի աճ է գրանցվել 2024թ., հատկապես դեկտեմբերին։ Հիպոտեկային վարկերի մասով Գալստյանն աճը կապել է Երեւանում վարկերի տոկոսների փոխհատուցման եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտի հետ։
«Այս ֆոնին վարկավորման տոկոսադրույքները հիմնականում մնացել են նույն մակարդակի վրա, իսկ բիզնես հատվածում վարկավորման տոկոսադրույքները փոքր-ինչ նվազել են»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը։ Նա հիշեցրել է նաեւ բանկային համակարգում շահույթի ռեկորդային աճը՝ ավելացնելով, որ այդ միջոցներն ուղղվելու են տնտեսության ֆինանսավորմանը։
ԿԲ նախագահն ավելացրել է, որ տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի մարդ է ներգրավված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից իրականացվող ծրագրերում, ինչ չափի ֆինանսավորում է ստացվել եւ ինչպես է այս ուղղությամբ նախագծերի սառեցումն ազդելու տնտեսության վրա։