Գերմանիայում 2 օդանավակայաններ դադարեցրել են թռիչքները ակտիվիստների պատճառով

Գերմանիայում երկու օդանավակայաններ հինգշաբթի դադարեցրել են թռիչքները այնտեղ ներթափանցած կլիմայական ակտիվիստների պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։

«Last Generation» խումբը հայտնել է, որ ակտիվիստները դադարեցրել կամ կրճատել են Բեռլինի, Քյոլն-Բոննի, Նյուրնբերգի եւ Շտուտգարդտի օդանավակայանների աշխատանքը եւ հրապարակել ակտիվիստների լուսանկարները, որոնք ձեռքերը սոսնձել են ասֆալտին։

Խումբը թվարկել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մի քանի երկրներ, որտեղ, նրանց խոսքով, նախատեսվում են նման խափանումներ բողոքի շրջանակում, որը Գերմանիայի կառավարությանը կոչ է անում գլոբալ համաձայնագիր կնքել նավթի, գազի եւ ածխի արդյունահանման դադարեցման մասին մինչեւ 2030թ.։

Նյուրնբերգի օդանավակայանը իր կայքում տեղեկացրել է, որ թռիչքները դադարեցվել են մինչեւ հետագա ծանուցում, եւ նախազգուշացրել է, որ ուղեւորների համար ուշացումներ կլինեն։

Քյոլն-Բոննի օդանավակայանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ներկայում թռիչքները դադարեցվել են, մինչեւ որ ոստիկանությունը զբաղվի «կողմնակի անձանցով»։

Ոստիկանությունը Բեռլինի օդանավակայանում էր եւ կարողացել է դուրս բերել երկու ցուցարարի, որոնք թափանցել էին թռիչքուղի պատնեշի վրայով, եւ դա չէր ազդել թռիչքների իրականացման վրա, տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը։

Գերմանացի քաղաքական գործիչները պահանջել են ուժեղացնել երկրի օդանավակայանների պաշտպանությունն այն բանից հետո, երբ կլիմայական ակտիվիստներին հաջողվել է տապալել պատնեշները եւ անցած ամիս երկու օր անընդհատ խախտել օդային երթեւեկությունը, այդ թվում երկրի ամենածանրաբեռնված՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում։

ajax-loader