Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում կանցկացնի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։

Երկօրյա միջոցառումների ծրագրով Դիլիջանը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության  հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և այլ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, կճաշակեն տարբեր ժողովուրդների ազգային խոհանոցի ամենահամեղ ու բազմազան ուտեստները,  հնարավորություն կունենան իրենց հետ տանելու հուշանվերներ՝ աջակցելով ժողովրդական վարպետներին:

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 վարպետ Հայաստանից և արտերկրից (Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա, Իրան և այլն): 

Դիլիջանի քաղաքային այգում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին կմիանան տեղի մշակութային և արհեստագործական մի շարք կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով դիլիջանյան արհեստների շունչը։

Միջոցառումների կարևոր բաղադրիչ է Լարախաղացության ներկայացումը՝ հայտնի լարախաղաց Մամիկոնի մասնակցությամբ: 

Փառատոնային ծրագրի միջոցառումները նախատեսված են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կլինեն կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ՝  լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով:

Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև Հայաստանի այլ թանգարաններ` ներկայացնելով իրենց կրթական և ժամանցային ծրագրերը։

Փառատոնային ծրագիրը կեզրափակվի համերգային կատարումներով. Ելույթ կունենան «Կայթ» բենդը և Թանգարանի «Մանել» երգչախումբը:                       

«Արհեստների միջազգային փառատոնը» ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանը նպաստող կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորմանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

ajax-loader