Նոր կարգ՝ վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված օդանավով թռիչքների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխություններին:

Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ վարչապետի որոշմամբ կսահմանվի ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ կապակցությամբ օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը:

Հետևաբար նախագծի մշակումը պայմանավորված է վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է, որ ԱԺ–ում ընդունվելուց հետո օրենքի նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ajax-loader