2023 թվականին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնության ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողների քույրեր եւ եղբայրներ, իսկ 2024-ին հունվար-հուլիսին 271 երեխայից 16-ն են զոհված զինծառայողների քույրեր ու եղբայրներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այս ծրագիրն իր մեջ ընդգրկում է պատճառագիտության փուլը, բուժումը արհեստական սերմնավորման 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ պետության 100 տոկոս մասնակցությամբ եւ երկրորդ փորձը 50 տոկոս մասնակցությամբ: Երկրորդային անպտղություն ունեցող զույգերի դեպքում, որոնք ունեն մեկ երեխա, ծրագիրն ընդգրկում է պատճառագիտությունը, սերմնավորման 6 փորձը եւ արտամարմնային բեմնավորման 1 փորձը՝ պետության կողմից 100 տոկոս մասնակցությամբ:
28-42 տարեկան անզավակ կանայք, որոնք չունեն անպտղության ախտորոշում, նրանց համար ծրագիրն ընդգրկում է մինչեւ արտամարմնային սերմնավորում հետազոտությունների ծավալ եւ արհեստական սերմնավորման 6 փորձ: