«Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ»․ ԿԲ-ն շրջանառում է արծաթե հուշադրամ

2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:

Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող:

Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։

1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել է ցուցահանդեսների:

1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել նրան։ «Անատոլ Ֆրանս», «Լուիզ Ֆրանս», «Լաթահավաք կինը», «Զբոսանք», «Պետրոս Շահին», «Հայկական երեկոյի ծրագիր», «Գեմմա», «Բեռնակառք», «Գործազուրկը», «Թխահերն ու շիկահերը» և բազմաթիվ այլ օֆորտներ առանձնանում են իրական կյանքի թշվառության ու պերճանքի պատկերմամբ: Շահինի ավելի ուշ ժամանակաշրջանի հայտնի գործերից են «Կուլոնի աբբայարանը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Գեղեցիկ հայկական քիթ», «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», «Պալլացո Կլարի»:

Շահինն իր գործերում կիրառել է էստամպի (փորագրանկարների արտատիպ) գրեթե բոլոր եղանակները՝ չոր ասեղ, օֆորտ, փափուկ լաք, աքվատինտա։ Ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում․ ձևավորել է ժամանակի հայտնի հեղինակների գրքեր:

1916 թ-ից անդամակցել է Հայ արվեստագետների միությանը, մասնակցել Թիֆլիսում և Երևանում կազմակերպված ցուցահանդեսների:

Արժանացել է ոսկե մեդալի Փարիզում (1900 թ.) կազմակերպած համաշխարհային ցուցահանդեսում, ոսկե մեծ մրցանակի Վենետիկի բիենալեում (1903 թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (1932 թ.)։

Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանության պատկերասրահում և Կա Պեզարո քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների մի շարք թանգարաններում։

1991 թ. Ֆրանսիայում` Սեն Միշել վանքի տարածքում, բացվել է «Էդգար Շահին» արվեստի կենտրոնը։

Դիմերես՝ Էդգար Շահինի «Գեմմա» օֆորտը (1910 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):

Դարձերես՝ Էդգար Շահինի դիմապատկերը և «Թխահերն ու շիկահերը» օֆորտը (1907 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ.

  • Անվանական արժեքը՝ 100 դրամ
  • Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
  • Քաշը՝ 28,28 գ
  • Չափը՝ 28,0 x 40,0
  • Որակը՝ լավացված
  • Դրամաշուրթը՝ հարթ
  • Թողարկման քանակը՝ 300 հատ
  • Թողարկման տարեթիվը՝ 2024

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար: «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf

ajax-loader