2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավելանում է մշակվող հողերի մակերեսը։ Փոխնախարարը կոնկրետ թվեր չի հնչեցրել, միայն նշելով, որ այսօր Հայաստանում մշակվում է ցանքատարածությունների ընդամենը 49,5 տոկոսը։
«Այդ ուղղությամբ իրականացվում եւ պլանավորվում են պետական աջակցության ծրագրեր, որպեսզի չմշակվող տարածքները մշակվեն»,- հավաստիացրել է փոխնախարարը:
Ապրիլին «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը մտահոգություն էր հայտնել հանրապետությունում օգտագործվող վարելահողերի տարածքների զգալի կրճատման վերաբերյալ:
Հարությունյանը նշել էր, որ 2015 թվականին մշակվել է 351 հազար հեկտար վարելահող՝ առկա 446 հազար հեկտարից, սակայն այս պահին, ըստ նրա, Վիճակագրական կոմիտեն հաղորդում է ընդամենը 200 հազար հեկտար մշակվող հողերի մասին։ Ընդ որում, Հարությունյանը հայտարարել էր, որ չի հավատում Վիճակագրական կոմիտեի հնչեցրած թվերին։