«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է նաև աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը:
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։
«Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առայսօր։
Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։
Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել անգամ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել, և այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում»,- ընդգծում են «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակից: