Միրզոյանական 12-րդ մրցույթին կմասնակցի 20 պատանի կոմպոզիտոր

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 20 կոմպոզիտոր։ Նրանք կբաժանվեն երկու տարիքային խմբերի: 

Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հանդես կգան Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունանը, որոնք կներկայացնեն մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայալեզու բանաստեղծության հիման վրա և մեկ մենանվագ ստեղծագործություն (ցանկացած գործիքի համար), իսկ ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Արամ Ասմանգուլյանը, Արեն Աբգարյանը, Արտաշես Մոսիկյանը, Գարիկ Հարությունյանը, Էրիկ Ասատրյանը, Էդուարդ Ղազարյանը, Նորայր Նիկողոսյանը, Սյուզաննա Աղամալյանը, Վիլյամ Չիլինգարյանը, որոնք կներկայացնեն մեկ անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար) և մեկ մենանվագ ստեղծագործություն (ցանկացած գործիքի համար): 

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա մրցույթի մասնակիցների ելույթների վիճակահանությունը: Բուն մրցութային փուլերը տեղի կունենան Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում մայիսի 13-ին և 15-ին (սկիզբը՝ 17:00): Մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշպությունն էլ կկայանա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ ելույթ կունենան մրցանակակիրները: 

Գալա համերգից երեք օր անց նախագծի այս տարվա մրցանակակիրները ելույթ կունենան նաև Վանաձորում։ Մրցութային օրերի, համերգների մուտքն ազատ է:  
Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներ և դրամական պարգևներ: Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակակիրների ուսուցիչները։

Մրցույթն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ:  

ajax-loader