Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու նպատակով ստացվել է 1100-ից ավելի դիմում

Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու պետական ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելու արդյունքում այս տարվա միայն առաջին եռամսյակին ստացվել է 1132 դիմում: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման իր ելույթում:

«2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը: Ծրագրի մեջ ընդգրկվեցին նաև զինծառայող զավակ կորցրած մեր հայրենակիցները: Եվ այս տարի ծրագիրն առավել ընդայնել է իր շրջանակները: Եթե անցյալ տարի ունեցել ենք 842 դիմում, այս տարվա միայն առաջին եռամսյակում  արդեն 1132 դիմում ենք ստացել»,- նշեց նախարարը:

 Ավանեսյանը ներկայացրեց նաև մի քանի ցուցանիշներ: Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 պրոմիլային կետով, իսկ մինչև 5 տարեկան երեխաներինը՝ 0.6 պրոմիլային կետով: Ըստ նախարարի՝ սա ցույց է տալիս, որ կառավարության կողմից որդեգրած պետական հոգածության ծրագիրն արդեն իսկ իր արդյունքները ցույց է տալիս:

«Մայրական մահացության ցուցանիշը ևս նվազում է: 2021 թվականին, ցավոք սրտի, կորնոավիրուսով պայմանավորված, ունեինք աճ, քանի որ այդ ընթացքում «դելտա» շտամը բավականին ագրեսիվ էր հենց հղիների նկատմամբ, բայց մենք կարողացել ենք վերադառնալ մինչկորոնավիրուսային մեր ցուցանիշներին,  2022 թվականին գրանցվել է 8 մահ»,- ասաց նախարարը:

ajax-loader