Մոտ 11 միլիարդ դոլար․ Black Friday-ի ծախսերը՝ առցանց գնումներով

Այս տարի «Սև ուրբաթ» գնորդները ծախսել են ռեկորդային 10.8 միլիարդ դոլար՝ հիմնականում առցանց գնումների վրա։

Այդ ցուցանիշը 10%-ով ավելի է, քան անցյալ տարի և կրկնակի գերազանցում է 2017-ի ցուցանիշը, հաղորդում է NPR-ը: Առավոտյան ժամը 10-14-ն ընկած ժամանակահատվածում ուրբաթ օրը առցանց գնորդները ծախսել են 11.3 միլիոն դոլար, ըստ Adobe-ի:

«10 միլիարդ դոլարի սահմանն անցնելը էլեկտրոնային առևտրի մեծ նշաձող է «Սև ուրբաթի» համար, մի օր, որը նախկինում ավելի շատ կենտրոնացած էր խանութներում գնումների վրա», – ասում է Adobe Digital Insights-ի առաջատար վերլուծաբան Վիվեկ Պանդյան:

PYMNTS Intelligence-ի նոր հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ առցանց գնումները գերակշռում են մյուսների համեմատ։ «Սև ուրբաթին» գնորդների միայն 28%-ն է գնումներ կատարել բացառապես խանութներից, մինչդեռ սպառողների 72%-ը կատարել է գոնե մի քանի գնումներ էլեկտրոնային առևտրի միջոցով:

«Սև ուրբաթի» գնումների 69%-ը կատարվել է բջջային սարքերով, ինչը 1%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ:

Mastercard SpendingPulse-ի տվյալները, որոնք հրապարակվել են հանգստյան օրերին, ցույց են տվել, որ առցանց վաճառքներն այս տարի աճել են 14․6%-ով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում «Սև ուրբաթը դարձել է ոչ միայն մեկ օր, այլ մի ամբողջ ժամանակահատված, որի ընթացքում գնորդները կարող են շահավետ առաջարկներ գտնել», – ասվում է վճարային ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Խանութները, մինչդեռ, այս տարի ավելի դատարկ են եղել, պարզվել է NPR-ի զեկույցում: Sensormatic Solutions-ի տվյալները, որոնք հետևում են մանրածախ խանութների երթևեկությանը, ցույց են տալիս, որ խանութների թրաֆիկը նախորդ տարվա համեմատ նվազել է 8․2%-ով:

Սպառողները, կարծես, ավելի պատրաստ էին այցելել խանութներ, որոնք առաջարկում էին մեծ զեղչեր. ավելի շատ այցելուներ են նկատվել այն վայրերում, որտեղ գները իջեցվել են առնվազն 40%-ով, ասվում է զեկույցում: Օրինակ՝ Forever 21 խանութներում հերթեր էին, երբվ նրանք առաջարկեցին 50-ից 70% զեղչեր, մինչդեռ մրցակից H&M-ն ավելի քիչ աղմուկ բարձրացրեց, երբ առաջարկեց 30% զեղչ:

ajax-loader