Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը հայտնել է, որ Բրիտանիայի եւ Եգիպտոսի հնագետները Թեբեի դամբանատեղիում հայտնաբերել են XVIII դինաստիայի փարավոնի դամբարանը, որը ղեկավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. մոտ 1500թ.։ Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Շարիֆ Ֆաթհին ասել է, որ սա փարավոնի առաջին դամբարանն է, որը հայտնաբերվել է 1922թ. Թութանհամոնի գերեզմանի հայտնաբերումից հետո։

Դամբարանի գլխավոր միջանցքի մուտքը հայտնաբերվել է Լուքսորի (հին Թեբե) շրջակայքում 2022թ. հոկտեմբերին։ Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ դամբարանը պատկանում է XVIII դինաստիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մոտակայքում էր գտնվում Թութմոս II-ի կնոջ եւ խորթ քրոջ՝ Հաթշեփսութի դամբարանը, ինչպես նաեւ Թութմոս II-ի որդու՝ Թութմոս III փարավոնի կանանց դամբարանը։
Սակայն նոր պեղումները պարզել են, որ դամբարանը պատկանել է Թութմոս II փարավոնին։ Դրա մասին են վկայում հայտնաբերված առարկաները՝ առաջին հերթին ալաբաստրե սափորների բեկորները հանգուցյալ Թութմոս II-ի եւ նրա կնոջ՝ թագուհի Հաթշեփսութի անուններով։ Հնագետները նաեւ հայտնաբերել են փարավոնի հուղարկավորության կահույքի բեկորներ, որն առաջին նման գտածոն էր. Թութմոս II-ի հուղարկավորության կահույքը նախկինում չէր հայտնաբերվել: Հայտնաբերված բեկորների թվում են կապույտ մակագրություններով գիպսի մնացորդներ, ինչպես նաեւ տեսարաններ «Ամ-Դուատ գրքից», որը Հին Եգիպտոսի առանցքային մահարձանային տեքստն է՝ կապված թագավորական դամբարանների հետ:

Թութմոս II փարավոն թաղումից շատ չանցած ջրհեղեղ է տեղի ունեցել, որը լրջորեն վնասել է դամբարանի ինտերիերը։ Հետազոտողները պարզել են, որ ջրհեղեղից հետո դամբարանի պարունակությունը տեղափոխվել է այլ վայր։
Թութմոս II-ի մումիան հայտնաբերվել է Թեբեի նեկրոպոլիսում՝ Դեյր էլ-Բահրի գաղտարանում, որը հայտնաբերվել է 1881թ.։ Կային տասնյակ մումիացված մարդկային մնացորդներ, այդ թվում՝ փարավոններ Թութմոս III-ի, Սեթի I-ի, Ռամզես II-ի եւ Ռամզես III-ի, գրել է N+1-ը։ Թութմոս II-ի սկզբնական թաղման վայրը մնում է անհայտ:

Թութմոս II-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Գիտնականները նույնիսկ վիճում են նրա թագավորության տեւողության մասին. ոմանք կարծում են, որ նա կառավարել է մոտ երեք-չորս տարի, մյուսները՝ ավելի քան 14 տարի։ Ինչպես նշել է առաքելության բրիտանական մասի ղեկավար, Նոր Թագավորության ուսումնասիրության հիմնադրամի հետազոտական տնօրեն Փիրս Լիթերլանդը, հայտնաբերված դամբարանը քիչ բան է պատմում Թութմոս II-ի կյանքի մասին։ «Սակայն այն մեզ ասում է, որ նրան թաղել է Հաթշեփսութը, եւ ոչ թե նրա որդին՝ մանուկ Թութմոս III-ը։ Թագավորները պարտավոր էին թաղել իրենց նախորդներին»,- ասել է Լիթերլանդը։