Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դուրս գալով «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ լրագրողների հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հանդիպի իր թիմակիցների հետ՝ հասկանալու համար հետագա անելիքները։
«Երկու տարի յոթ ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, պետք է խորհրդակցենք, հասկանանք հետագա անելիքները», – ասել է Վանաձորի նախկին քաղաքապետը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը հուլիսի 15-ին մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ասլանյանի կալանավորմանը նախորդել էին Վանաձորի ավագանու ընտրությունները, որտեղ ամենաշատ ձայները հավաքել էր հենց նրա գլխավորած դաշինքը։ 2022 թ. մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը։